Ծրագրավորում. ինչպես և ինչից սկսել

 

Ժամանակի ընթացքում աշխատաշուկայի պահանջները փոխվում են, առաջ են գալիս մասնագիտություններ, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:Շատերը, ովքեր արդեն ունեն մասնագիտացում որոշ ոլորտներում, այդ փոփոխությունների արդյունքում ստիպված են լինում մտածել երկրորդ, երբեմն էլ նաև երրորդ մասնագիտության ձեռքբերման շուրջ:

Այժմ ամենապահանջված և ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների շարքը գլխավորում է ծրագրավորումը: Շատերն են փորձում մասնագիտանալ այս ոլորտում, սակայն քչերին է հաջողվում գնալ մինչև վերջ և հասնել այդքան ցանկալի նպատակին: Այն բավականին երկար և դժվար ճանապարհ է. գոյություն չունի ծրագրավորման այնպիսի լեզու, որը հնարավոր կլինի սովորել մեկ օրվա ընթացքում: Որակյալ մասնագետ դառնալու համար այս ոլորտում անհրաժեշտ է երկար ու համբերատար աշխատանք:

Այսօր կխոսենք մի շատ ակտուալ և պահանջված թեմայի շուրջ, որը վստահաբար հետաքրքրում է շատերին, հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորում, սակայն չգիտեն ինչից սկսել: Մենք ձեզ հետ կփորձենք պարզել, թե ինչ ճանապարհով կարելի է սկսել դեպի ծրագրավորում տանող ուղին:
Ահա թե ինչ է հարկավոր անել պահանջված ծրագրավորող դառնալու երազանքին մի քանի քայլով ավելի մոտ գտնվելու համար:

Բարելավե՛ք Ձեր անգլերենը

 

Այժմ անգլերենով է շնչում ծրագրավորման ամբողջ աշխարհը: Եթե Դուք չեք տիրապետում գոնե միջին մակարդակի անգլերենի, ապա Ձեզ համար մի քանի անգամ ավելի դժվար կլինի քան մյուս՝ անգլերենի տիրապետող սկսնակների համար: Բոլոր տերմինները, առանցքային բառերը, ծրագրավորման վերաբերյալ վերջին նորույթները, ամենաճանաչված գրքերը հենց անգլերենով են: Այնպես որ, եթե Դուք ցանկանում եք քայլել ծրագրավորմանը համընթաց, ապա ուղղակի պարտավոր եք սովորել անգլերեն:

Այժմ համացանցը ողողված է տարբեր տեսակի անվճար դասընթացներով, որոնք ձեզ համար կարող են ապահովել անգլերենի իմացության բազային մակարդակ: Լավագույն տարբերակներց մեկը, որ կարող ենք Ձեզ առաջարկել դա Lingualeo.com և Duolingo.com կայքերն են, որոնց օգնությամբ հեշտ և կարճ ժամանակում կարող եք հասնել տեսանելի արդյունքի։

Կատարե՛ք գործնական աշխատանք

Ծրագրավորումն ամբողջությամբ գործնականում կատարված աշխատանք է: Շատերը մտածում են, որ գրքեր կարդալով կամ ծրագրավորման վերաբերյալ տեսանյութեր դիտելով կարող են ձեռք բերել բազային գիտելիքներ ոլորտի մասին, սակայն արդյունքում շոշոփելի արդյունքի չեն հասնում:

Սկսե՛ք ամենապարզ և փոքր ծրագրից, բայց ստեղծե՛ք ինքներդ: Փորձեք Ձեզ ու Ձեր ուժերը գործնականում: Սխալների առկայության դեպքում փնտրել-գտնելով Դուք ավելի շատ բան կսովորեք, քան ուղղակի ինչ-որ մեկի արդեն կատարած աշխատանքի մասին կարդալով:

Ընտրե՛ք գործունեության Ձեր ոլորտը

Ծրագրավորումը առաջարկում է լեզուների մեծ ընտրանի՝ կախված նրանից, թե որ ուղղությամբ եք Դուք ուզում մասնագիտանալ: Դրանցից յուրաքանչյուրի ուղղություններին և դրանց օգտագործման ոլորտներին մենք կանդրադառնանք հետագայում: Այս ամենով հանդերձ, շատերը պնդում են, որ սկսնակների համար լավագույն տարբերակը Python լեզվի ուսուցումն է:

Ծրագրավորման որևէ լեզվի ուսուցանումն ավելի հստակ պատկերացնելու համար համեմատենք ծրագրավորման լեզվի ուսուցումը օտար լեզվի ուսուցման հետ: Ինչպես օտար լեզվի դեպքում մենք սկզբից սովորում ենք տառերը, այնուհետև բառեր և, իվերջո, միտքն արտահայտելու նպատակով կազմում նախադասություններ, նույն կերպ ծրագրավորման լեզվի ուսուցման ժամանակ մենք պետք է սկզբից սովորենք առանցքային բառերը(keywords), դրանցով ստեղծենք գրելաձևը( syntax), որը կախված է ուսումնասիրվող լեզվի տեսակից, և, վերջապես, դրանք միացնելով ստանանք մեր վերջնական արդյունք՝ ծրագիրը:


Ժամանակի ընթացքում ծրագրավորման լեզուներն ու նրանց նկատմամբ պահանջարկը մեծ փոփոխություններ են կրում: Այն ինչ շատ պահանջված է եղել նախկինում, այժմ այլևս գործածելի չէ: Շարունակելով օտար լեզուների հետ տարված զուգահեռը` նշենք, որ «ինչքան լեզու գիտես այնքան մարդ ես» միտքը այստեղ ևս գործածելի է: Մի քանի լեզուների իմացությունը Ձեզ ավելի մրցունակ կդարձնի աշխատաշուկայում և կապահովագրի ծրագրավորման ոլորտում հետագայում սպասվելիք փոփոխություններից:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn