Ծրագրավորողն ու ՏՏ մասնագետը իրականում նույնը չեն

ՏՏ մասնագետ և ծրագրավորող

Մեզանից յուրաքանչյուրը մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելիս առաջին հերթին փորձում է գնահատել ԲՈՒՀ-ն անմիջապես ավարտելուց հետո աշխատանքի անցնելու հավանականությունը: Այժմ շատերը, ստանալով բարձրագույն կրթություն, մնում են առանց աշխատանքի, քանի որ իրենց մասնագիտության նկատմամբ պահանջարկը նվազում է: Այդուհանդերձ կա մի ոլորտ, որի մասնագետների նկատմամբ պահանջարկը մեր երկրում օրեցօր մեծանում է: Այո՛, դուք ճիշտ գուշակեցիք․ խոսքը գնում է ՏՏ մասնագետների մասին:

Սակայն այստեղ ևս առաջ է գալիս ճիշտ ընտրություն կատարելու հարցը, քանի որ շատերը այս երկու մասնագիտությունները նույնացնում են և կարծում են, թե ՏՏ մասնագետը հենց ինքը ծրագրավորողն է կամ հակառակը: Հենց այս թյուրըմբռնումը վերացնելու համար այսօր որոշեցինք խոսել այս երկու մասնագիտությունների տարբերության մասին:


1. Ովքե՞ր են ՏՏ մասնագետները

ՏՏ Մասնագետ

ՏՏ մասնագետն իրականացնում է տեխնիկական փորձաքննություն, որն ուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների մոնիթորինգին և սպասարկմանը: Նրանց գործառույթը կայանում է ստեղծված ծրագրային միջոցների ստեղծման, տեստավորման և համապատասխան եզրակացություն ներկայացնելու մեջ: Այս մասնագետները հիմնականում մասնագիտացած են համակարգչային ցանցերի, տվյալների բազաների, անվտագնության և ծրագրային ապահովման համակարգերի շրջանակներում:


Համակարգչային ցանցերն այսօր մեծ տեղ են զբաղեցնում ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ գործարար աշխարհում, այդ իսկ պատճառով էլ այս գործում մասնագիտացած անձինք մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում: Նրանք ստեղծում են այնպիսի ցանցեր, որոնց օգնությամբ մարդիկ նույնիսկ մեծ հեռավորության վրա կարող են հաղորդակցվել, իրար փոխանցել անհրաժեշտ ինֆորմացիան հաշված վայրկյանների ընթացքում: Նման ցանցերի շարքին է դասվում ինտրանետը, որը կազմակերպության ներքին համակարգչային ցանց է՝ ստեղծված տվյալ կազմակերպության ինֆորմացիոն հոսքերն իրականացնելու համար:

Քանի որ կազմակերպության և նույնիսկ 2 անձանց միջև շրջանառվող տեղեկատվությունը երբեմն պահանջում է հույժ գաղտնիություն, առաջ է գալիս նաև այդ համակարգերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, որով ևս զբաղվում են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները:


Ինչ վերաբերում է համակարգի ադմինիստրատորներին (system administrator), կարող ենք ասել, որ նրանք պատասխանու են կամակարգչային ցանցի անխափան աշխատանքի համար: Դա վերաբերում է թե ծրագրային ապահովմանը, թե տեխնիկական միջոցներին: Նշենք, որ մասնագիտացման այս ոլորտը մեծ պահանջարկ է ձեռք բերել, քանի որ ցանկացած միջին և մեծ կազմակերպություն ունի նրանց կարիքը: Նրանց գործառույթների մեջ է մտնում ցանցի և համակարգչային համակարգի տեղադրումը, դրանց սպասարկումը, համակարգերի և ցանցերի մոնիթորինգի իրականացումը՝ դրանց արտադրողականության բարձրացման նպատակով:


2. Ովքե՞ր են ծրագրավորողները

Ծրագրավորող

Ծրագրավորողները կոդավորում են հրահանգները, որոնց համակարգիչը պետք է անխափան ձևով հետևի: Ծրագրավորողի աշխատանքը հիմնականում կապված է ծրագրավորման տարբեր լեզուների ուսումնասիրության և դրանց անթերի տիրապետման հետ: Այս համատեքստում կուզենայինք առանձնահատուկ անդրադարձ կատարել վեբ ծրագրավորմանը, քանի որ վերջին ժամանակներս այս ճյուղի նկատմամբ հետաքրքրության մեծ աճ է գրանցվել:

Վեբ ծրագրավորման գործառույթն է կոդի ստեղծումը՝ կայքի իր ուզած ձևն ու աշխատանքն ապահովելու համար: Նրա աշխատանքից է կախված կայքի ձևավորումը, աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հասանելիությունը վերջնական օգտագործողի համար: Վեբ ծրագրավորողի գործառույթները բաժանվում են երկու մասի․

Front-end development
Առաջինը կայքի ձևավորման հետ կապված գործառույթներն են (Front-end development):
Այս գործառույթը պատասխանատու է կայքի արտաքին տեսքի համար: Սրա արդյունքն այն է ինչ տեսնում, հասկանում, շոշափում է վերջնական օգտատերը: Այս գործառնության իրականացման գործիքներ են հանդիսանում ծրագրավորման այնպիսի լեզուներ, ինչպիսիք են HTML-ը, CSS-ը, JavaScript-ը: Այս պարագայում ավելի շատ շեշտը դրվում է կայքի ինտերֆեյսի վրա, և արդյունքն առավելապես հարմարեցվում է օգտատերերին:

Back-end development

Երկրորդը արդեն կայքի ծրագրային մեխանիզմի ապահովման գործառույթն է(Back-end development): Այն իրենից ներկայացնում է կայքի գործարկման տեխնիկական մասը: Կայքը կարող է լինել ամենագեղեցիկ և առաջին հայացքից օգտատիրոջ համար ամենհարմարավետ կայքը, բայց տեխնիկական պատճառներով չկարողանա աշխատել: Այս գործառույթն արդեն ոչ միայն պահանջում է ծրագրավորման որոշակի լեզուների իմացություն, այլ նաև գիտելիքներ սերվերի կառուցվածքի մասին: Սրա կիրառման գործիքներից արդեն կարող են հանդիսանալ մեկ այլ խումբ ծրագրավորման լեզուներ: Դրանք են Node.js, PHP, GoLang, Java, Ruby, Python, SQL լեզուները:


Այսքանը իրար հետ այդքան նույնացվող, բայց, միաժամանակ շատ տարբեր մասնագիտությունների մասին։ Սա շատ կարևոր է, քանի որ այժմ շատ մարդիկ, ովքեր կանգնած են մասնագիտության բարդ և պատասխանատու ընտրության առջև շատ անգամ, չպատկերացնելով այս երկուսի տարբերությունն ու դրանք նույնացնելով, ընտրում են իրենց համար ոչ այնքան հոգեհարազատ և իրենց պատկերացումներին չհամապատասխանող գործունեության ոլորտ:

Եվ չմոռանանք Բիլ Գեյթսի խոսքերը.

«Սիրի՛ր այն ինչ անում ես և այդ դեպքում դու երբեք ստիպված չես լինի աշխատել»:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn